«Ռեալը» վեց րոպեում փրկեց անհավանական խաղը․ 1:3-ից՝ 4:3
«Ռոման» հիանալի սկսեց հանդիպումը, իսկ «Ռեալը» նորից հաղթեց, բայց իր խաղով կրկին համոզիչ չէր։ Եկեք բաժանենք այս հանդիպումը մասերի։
Առաջին խաղակեսը՝ «Ռոմային»
«Ռոման» շատ լավ սկսեց։ Թիմը բազմաթիվ գոլային պահեր էր ստեղծում, աշխատում էր Գասպերինիի անհատական պրեսինգը։ Հնարավորություններ կային արդեն հանդիպման սկզբում, պարզապես չէր ստացվում գոլ խփել։
Առաջին խաղակեսում «Ռոման» «Ռեալին» գրեթե ոչինչ թույլ չտվեցին անել։ Մադրիդցիների դիրքային հարձակումը առաջին խաղակեսի ընթացքում գնահատելն անհնար է, որովհետև այն պարզապես չկար։
Մբապեն իր միակ գոլը խփեց անդրադարձի օգնությամբ, ևս մեկ պահ ծնվեց Կուրտուայի հեռահար փոխանցումից դեպի Կուկուրելյա։ Այսքանով ամեն ինչ ավարտվեց, մնացածը սխալներ ու ձախողումներ էին։

«Ռոման» օգտվեց դրանից և դեռ առաջին խաղակեսում աչքի ընկավ։ Թիմը վնասվածքների պատճառով կորցրեց Մանու Կոնեին և Պաուլո Դիբալային, բայց նույնիսկ առանց նրանց երկրորդ կեսը սկսեց այնպես, ինչպես առաջինը և Մալենին հաջողվեց երկու գոլ խփել։
«Ռեալը» չգտավ իր խաղը
«Ռեալի» մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում։
Դիրքային հարձակում չկար, պաշտպանվել էլ նորմալ չէր ստացվում։ Վինիսիուսը հերթական անգամ սարսափելի հանդիպում անցկացրեց և նրան 60-րդ րոպեին փոխարինեցին։
Մինչ այդ նա ոչինչ չէր արել, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում նաև փաստացի գոլ «բերեց» սեփական դարպասին։ Փորձեց կրունկով փոխանցում կատարել, գնդակը կորցրեց մրցակցի խլումից հետո, և «Ռոման» անմիջապես օգտվեց այդ սխալից։
Վինիսիուսի խաղը ինչպես չկար, այնպես էլ չկա։ Գոնե այստեղ կայունություն կա։ Քամբեք՝ վեց րոպեում
Փոխարինման նախ դուրս եկան Էնդրիկն ու Գյուլերը, իսկ քիչ անց՝ Էսպին։ Հենց այս եռյակն էլ կազմակերպեց վերադարձը։
Սկզբում Էսպին գոլ խփեց Էնդրիկի հարվածից հետո՝ Գյուլերի փոխանցման շարունակությամբ։ Հետո աչքի ընկավ հենց Էնդրիկը, իսկ «Ռոմային» վերջնական հարվածը հասցրեց Ռյուդիգերը։
Երեք գոլն էլ ծնվեցին անկյունայիններից։
Ընդամենը վեց րոպեում «Ռեալը» ամբողջությամբ շրջեց հանդիպման ընթացքը։ Հաղթանակ՝ առանց խաղի
«Ռեալը» Չեմպիոնների լիգայում տարավ երկրորդ հաղթանակը, և դա, իհարկե, լավ է։
Բայց իրականությունն այն է, որ «Ռոման» մոտ 75 րոպե ավելի լավ էր խաղում։ Վերջնամասում թիմը պարզապես հոգնեց, կորցրեց ինտենսիվությունը և մի փոքր նվազեցրեց տեմպը։ Գասպերինիի թիմն ավելիին էր արժանի։ Պարզապես այս անգամ բախտը նրա կողմը չէր։
Այսօր բախտը «Ռեալի» հետ էր, վաղը կարող է չլինել։.Շուտով «Էլ Կլասիկոն» է, իսկ «Բարսելոնան» այս ընթացքում ցուցադրում է պատմության լավագույն մեկնարկներից մեկը, մինչդեռ «Ռեալը» տանջվում է գրեթե յուրաքանչյուր մրցակցի դեմ։
Հաղթանակներ կան, բայց դրանք բոլորը գալիս են ահռելի դժվարությամբ։

Առանց Վինիսիուսի
Վինիսիուսը որակազրկման պատճառով բաց կթողնի չորս հանդիպում, այդ թվում՝ «Էլ Կլասիկոն»։
Տեսնենք, թե թիմն ինչպես կխաղա առանց նրա, մանավանդ որ մենք տեսանք, թե ինչի է ընդունակ Էնդրիկը։ Նա այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ և միանգամից այսպիսի խաղ անցկացրեց։
Նմանատիպ շրջան կար նաև նախորդ մրցաշրջանում՝ առանց Մբապեի, և այն ժամանակ ամեն ինչ համեմատաբար վատ չէր։ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում անցավ «Մանչեսթեր Սիթիին»։։ Հիմա էլ պետք է տեսնենք, թե թիմը ինչպես կանցկացնի այս հատվածը առանց Վինիսիուսի, որովհետև «Ռեալի» հարձակման ձախ եզրն այս պահին բառացիորեն մեռած է։
«Ռոման» լավ սկսեց ու նույն կերպ շարունակեց նաև երկրորդ խաղակեսում, պարզապես վերջում մի փոքր չբավարարեցին ուժերը, կենտրոնացումն ու բախտը։
Ընդհանուր առմամբ Գասպերինիի թիմին այս խաղի համար կարելի է գովել՝ չնայած պարտությանը։
«Ռեալը» հաղթանակ ունի, բայց խաղը դեռ չկա։
Շուտով «Էլ Կլասիկոն» է, և «Ռեալի» համար արդեն իսկ անհանգստանալու պատճառ կա։
Մնում է միայն հետևել։
