Ինչո՞ւ ֆուտբոլի մասին այդքան քիչ ֆիլմեր ու սերիալներ են նկարահանվում
Ֆուտբոլն աշխարհի ամենահայտնի մարզաձևն է․ դրա լսարանը մոտ 3,5–4 միլիարդ մարդ է։ Համեմատության համար՝ հոկեյի երկրպագուների թիվը մոտ 2 միլիարդ է, իսկ բասկետբոլինը՝ շուրջ 2,5 միլիարդ։ Այդ դեպքում ինչո՞ւ աշխարհի ամենահայտնի մարզաձևի մասին այդքան քիչ ֆիլմեր ու սերիալներ են նկարահանվում։
Ամերիկացիներին ֆուտբոլն առանձնապես պետք չէ
Համաշխարհային կինոշուկայում ամերիկյան ֆիլմերի մասնաբաժինը մոտ 69 տոկոս է։ Իսկ ԱՄՆ-ում ֆուտբոլը, ընդհանուր առմամբ, առաջնային մարզաձևերից չէ․ այնտեղ իրենց ավանդական սպորտաձևերն ունեն՝ հոկեյ, բասկետբոլ, բեյսբոլ։ Սովորական ֆուտբոլը նույնիսկ ամենահայտնի հնգյակում չէ։
Իրավիճակը սկսեց լրջորեն փոխվել, երբ լիգա տեղափոխվեցին այնպիսի վետերաններ, ինչպիսիք են Դևիդ Բեքհեմն ու Սթիվեն Ջերարդը, իսկ այսօր այնտեղ խաղում է նաև Լիոնել Մեսին։
Ֆուտբոլը դժվար է համոզիչ նկարահանել
Սովորական հանդիպումների ժամանակ մենք ֆուտբոլը տեսնում ենք հեռուստատեսային տեսախցիկների միջոցով՝ խոշոր պլաններով ու տարբեր դիտանկյուններից։ Իսկ ֆիլմերում հաճախ փորձում են խաղը ցույց տալ ավելի մոտ տարածությունից կամ նույնիսկ առաջին դեմքից։
Հոկեյի դեպքում իրականությանը մոտ պատկեր ստանալն ավելի հեշտ է․ կասկադյորներին կամ փոխարինողներին կարելի է թաքցնել հանդերձանքի տակ։ Ֆուտբոլում դա գրեթե անհնար է, և հենց այդ պատճառով խաղային տեսարանները հաճախ բնական չեն թվում։
Իրավունքների խնդիրը
Իրատեսական ֆիլմ նկարահանելու համար միայն լավ սցենարը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև իրավական թույլտվությունների ամբողջ փաթեթ։
Եթե, օրինակ, ֆիլմը Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին է, անհրաժեշտ կլինեն լիգայի ապրանքային նշանների և բրենդների օգտագործման իրավունքները, ակումբների մտավոր սեփականության իրավունքները՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ակումբ առանձին բիզնես է, ինչպես նաև արխիվային տեսանյութերի օգտագործման թույլտվությունները։
Այս ամենը պետք է առանձին համաձայնեցնել, իսկ գործընթացը բավական բարդ է։
Ի՞նչ են նկարահանում այսօր
Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ ֆուտբոլի մասին ընդհանրապես ոչինչ չի նկարահանվում։ Պարզապես այսօր շատ ավելի հաճախ ընտրում են վավերագրական ձևաչափը, որտեղ համաձայնեցումների քանակը քիչ է, իսկ արտադրական գործընթացը՝ ավելի պարզ։
Օրինակ՝ «Ռեալ Մադրիդ․ Մինչև վերջ» վավերագրական մինի֊սերիալը պատմում է 2021/22 մրցաշրջանի մասին, երբ «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան՝ փլեյ-օֆֆի գրեթե յուրաքանչյուր փուլում անհավանական քամբեք կատարելով։
Իմ թոփը
Թեև ֆուտբոլի մասին ֆիլմերն ու սերիալները շատ չեն, ես ունեմ իմ լավագույն եռյակը։
1.«Թեդ Լասո»։ ԱՄՆ-ից ժամանած մարզիչը բրիտանացիներին սովորեցնում է սիրել ֆուտբոլը։
2.«Գոլ»։ Մեքսիկացի ֆուտբոլիստը փորձում է նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգան՝ հանդես գալով «Նյուքասլի» կազմում։
3.«Շաոլինյան ֆուտբոլ»։ Վեց եղբայրներ փորձառու մարզչի գլխավորությամբ ստեղծում են անպարտելի թիմ։
