«ՄՅՈւ»- ն կրկին չի հասկանում՝ ինչ է խաղում. «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Այս խաղում քննարկելու թեմաներ իսկապես կային, ու ես
կառանձնացնեմ չորս հիմնական դրվագ։

– «Տոտենհեմի» փորձերը
– «ՄՅՈւ»-ի անօգնականությունը
– Բենտանկուրի անհեթեթ հեռացումը
– Դե Ձերբիի թիմի բնավորությունը

«Տոտենհեմի» փորձերը 

«Տոտենհեմը» լավ սկսեց հանդիպումը և բավականաչափ գոլային պահեր ստեղծեց, բայց կրկին խնդիր եղավ իրացման հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» առանձնապես չէր փորձում խաղ կառուցել, իսկ հակագրոհներում գրեթե ոչինչ չէր ստացվում։ 

Եթե նայենք ամբողջ խաղին, երևում է, որ «Տոտենհեմը» փորձում է խաղալհ ենց այն ֆուտբոլը, որը ցանկանում է տեսնել Ռոբերտո Դե Ձերբին։ Ամենինչ չի ստացվում, սխալներ կան, կա նաև այն հոգեբանական փխրունությունը, որի մասին արդեն շատ է խոսվել։ Բայց ամենակարևորը՝ թիմը փորձում է խաղալ, և ես վստահ եմ, որ վաղ թե ուշ դա արդյունք է տալու։ ԱՊԼ-ում ներկայիս վիճակը ժամանակավոր է։ Հարձակումը կբացվի, նորեկները կսկսեն գոլեր խփել, ամեն ինչ աստիճանաբար իր տեղը կընկնի, և «Տոտենհեմը» կպայքարի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։Դրա հարցում ես գրեթե կասկած չունեմ։ 

«Կարմիր սատանաների» անօգնականությունը 

Ես չեմ հասկանում՝ ինչ է խաղում «ՄՅՈւ»-ն։ Միակ գոլը նրանք խփեցին այն պահին, երբ «Տոտենհեմը» մի փոքր թուլացրեց զգոնությունը, և նույնիսկ այդ դրվագում ամեն ինչ որոշեց Մբեմոյի անհատական վարպետությունը։ Բայց թիմային խաղը շարունակում է անհասկանալի մնալ։ Ինչո՞ւ է կիսապաշտպանության կենտրոնում այսքան մեծ դատարկություն։ Ինչո՞ւ է «Տոտենհեմն» առանց լուրջ դիմադրության անցնում կենտրոնական գոտին։ 

Ավելին՝ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ձեռքից բաց թողնել հաղթանակը՝ խաղալով թվային առավելությամբ։ Նման բան արդեն եղել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Բենտանկուրի հեռացումը 

Ինձ նաև բուն հեռացումն է տարօրինակ թվում։ Գուցե ըստ կանոնակարգի ու ֆուտբոլային տրամաբանության ամեն ինչ ճիշտ է,  բայց ինքներդ դատեք։ 

Լյուկ Շոուն հրում է Բենտանկուրին, նա ընկնում է, հետո վեր է կենում ու պատասխանում։ Արդյունքում հեռացվում է ոչ թե կոնֆլիկտ սկսած խաղացողը, այլ Բենտանկուրը, իսկ Շոուն նույնիսկ դեղին քարտ չի ստանում։ 

Գուցե ֆորմալ առումով մրցավարը ճիշտ է, բայց ինձ համար այս ամենը պարզապես անհեթեթ է։

«Տոտենհեմի» բնավորությունը 

«Տոտենհեմի» մոտ բնավորության պակաս իսկապես կա ։ Նախորդ խաղերում թիմը լավ էր գործում, սակայն գոլ բաց թողնելուց հետո բառացիորեն քանդվեց։ 

Այս անգամ պատկերն այլ էր։ Սկզբում գոլ բաց թողեցին, հետո ստացան բավական վիճահարույց հեռացում, բայց նույնիսկ դրանից հետո կարողացան հավասարեցնել հաշիվը ու չընկճվեցին։ 

Սա արդեն վատ նշան չէ։ 

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և ուժեղագույնին պարզել չհաջողվեց։ 

Միջազգային դադարից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը շարունակում է հարցեր ու անհանգստություն առաջացնել, իսկ «Տոտենհեմը» դեռ չի կարողանում հաղթել։ 

Բայց «Տոտենհեմի» հարցում ես հանգիստ եմ։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ դեպի լավը կփոխվի։ «Մանչեսթեր Յունայթեդի»  դեպքում նույն լավատեսությունը չունեմ։

Читайте также