Մոուրինյոն թույլ չտվեց «Բարսային» 10-ից 10 անել ․ «Ռեալ Մադրիդ» 2։1 «Բարսելոնա»

«Ռեալը» հաղթեց «Էլ Կլասիկոյում»։ Սա մադրիդցիների ընդամենը երկրորդ հաղթանակն էր «Բարսելոնայի» դեմ վերջին ութ հանդիպումներում։ Եկեք քննարկենք, թե ինչպես անցավ այս խաղը։ 

Կուկուրելյան՝ Յամալի դեմ 

«Էլ Կլասիկոյի» ամենասպասված դիմակայություններից մեկը Լամին Յամալի և Մարկ Կուկուրելյայինն էր։ Եվ այստեղ անվերապահ հաղթանակ տարավ Կուկուրելյան։ Մարկը նախկինում էլ հայտնի էր մրցակիցներին անհատապես հսկելու իր կարողությամբ, իսկ այս խաղում նա պարզապես «կերավ» Յամալին։ Լամինի համար, առհասարակ, անհաջող շաբաթ ստացվեց։ ՊՍԺ-ի դեմ նա առանձնապես աչքի չընկավ, իսկ «Ռեալի» հետ խաղում ընդհանրապես ոչինչ չստացվեց։ Ուժեղագույն մրցակիցների դեմ Յամալի խաղն առայժմ չի ստացվում։ 

Կազմակերպված և վստահ «Ռեալ» 

Այս «Ռեալին» հետևելը իսկապես հաճելի էր։ Իսկ այս մրցաշրջանում մադրիդյան թիմի մասին նման բան հաճախ չես ասի։ 

Մադրիդցիները խաղում էին առանց վախի, վստահ ու համախմբված՝ ասես մեկ ամբողջական մեխանիզմ լինեին։ 

Բացասական կողմերից կարելի է առանձնացնել միայն գնդակի կորուստները։ Երբեմն դրանք «Բարսելոնայի» պրեսինգի հետևանքն էին, բայց «Ռեալը» հաճախ սխալվում էր նաև ամենապարզ իրավիճակներում։ 

Մի քանի դրվագում էլ թիմը փրկվեց վերջին պահին։ Պաշտպանների՝ հետևից կատարած սահանկումներն աշխատում էին ռիսկի սահմանագծին, բայց այդ երեկո մադրիդցիների մոտ գրեթե ամեն ինչ ստացվում էր։ 

«Բարսելոնան»՝ միջազգային դադարից հետո 

Հավաքականների հանդիպումների պատճառով առաջացած դադարից հետո «Բարսելոնան» դեռ չի կարողանում վերադառնալ անհրաժեշտ մարզավիճակին։ Սկզբում անհաջողությունը ՊՍԺ-ի դեմ էր, հետո՝ «Ռեալի»։ 

Այս շաբաթը կատալոնացիների համար իսկական փորձություն էր, որը նրանք չկարողացան հաղթահարել։ 

Երբ իմացա, որ «Ռեալի» դարպասը Կուրտուայի փոխարեն պաշտպանելու է Լունինը,  մտածեցի, որ Անդրեյին դժվար երեկո է սպասվում։ Բայց արդյունքում նա վստահ հանդիպում անցկացրեց՝ հատկապես ելքերի ժամանակ ։ 

Միակ բացառությունը Ռաֆինյայի գոլով ավարտված դրվագն էր։ Ընդհանուր առմամբ, սակայն, «Բարսելոնան» առանձնապես ոչնչով չզարմացրեց։

Նույն Ռաֆինյան վնասվածքից հետո դեռ ամբողջությամբ չի վերադարձել իր խաղային ռիթմին։ Մարզավիճակը բարելավելու կարիք ունեն նաև Յամալը, Պեդրին ու Ռոդրին։ 

Ինչպե՞ս խփվեցին գոլերը 

Առաջին գոլը բավականին անհեթեթ ստացվեց։ 

Տուգանային հրապարակ կատարված ցածր փոխանցումն այնքան էլ հաջող չէր և դիպավ Ժերար Մարտինի ոտքին։ Վերջինս փորձեց հեռացնել գնդակը, բայց անհաջող հարվածով այն ուղարկեց ուղիղ Մբապեի վրա։ 

Այդ պահին Կիլիանը շրջվեց գնդակից՝ մտածելով, որ այն հարվածելու է իր գլխին։ Բայց գնդակը դիպավ նրան ու հայտնվեց դարպասում։ 

«Բարսելոնայի» գոլը պատիժ էր այն միակ պահի համար, երբ «Ռեալը» կորցրեց զգոնությունը։ 

Կատալոնացիներն արագ խաղարկեցին անկյունայինը, Պեդրին հիանալի փոխանցումով գտավ Ռաֆինյային, իսկ վերջինս գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը։ 

«Ռեալի» երկրորդ գոլն իսկական գլուխգործոց էր։ Բելինգհեմը մարմնով փակեց գնդակը միանգամից երկու մրցակցից, շրջվեց ու փոխանցում կատարեց։ Հաջորդ ակնթարթին Գյուլերը գնդակն ուղարկեց ազատ տարածություն՝ Կամավինգայի ընթացքին։ 

Վերջինս վարպետորեն շրջանցեց Կուբարսիին ու գնդակը մատուցեց Մբապեին։

Ժերար Մարտին 

«Բարսելոնայի» կազմից հատկապես ուզում եմ առանձնացնել Ժերար Մարտինին։ 

Առաջին գոլի դրվագում նա, ըստ էության, սխալ թույլ չտվեց։ Պարզապես բախտը չբերեց։ 

Իսկ ընդհանուր առմամբ Ժերարը շատ լավ հանդիպում անցկացրեց։ 

Անկեղծ ասած՝ այս ֆուտբոլիստը երբեք առանձնապես համակրանք չի առաջացրել իմ մեջ։ Ինձ միշտ թվացել է, որ նա «Բարսելոնայում» խաղում է պարզապես այլընտրանքի բացակայության պատճառով և չի համապատասխանում ակումբի մակարդակին։ 

Բայց այսօր Մարտինը լավն էր։ Նա բազմաթիվ անգամներ խլեց գնդակը, հաղթեց օդային մենամարտերում և մի քանի դրվագում կանխեց վտանգավոր գրոհները։ 

Այդ պատճառով էլ իսպանացի ֆուտբոլիստը միանշանակ արժանի է գովեստի։

«Ռեալի» վերելքի սկի՞զբը

«Ռեալը» հաղթեց «Էլ Կլասիկոյում» լիովին արժանիորեն՝ իր ցուցադրած խաղի շնորհիվ։ 

Հնարավոր է՝ սա Մոուրինյոյի թիմի վերականգնման սկիզբն է։ Այս մրցաշրջանում ես դեռ չէի տեսել այսքան կազմակերպված, համախմբված ու կենտրոնացած «Ռեալ»։ 

Իսկ «Բարսելոնայի» համար ամեն ինչ դեռ առջևում է։ 

Երկու ցավալի պարտություն, ուժեղ մրցակիցների դեմ չհաղթահարված փորձություն,  բայց կարևոր հանդիպումներ դեռ շատ են լինելու։ 

Մի փոքր վիճակագրություն 

— «Ռեալը» հաղթել է վերջին ութ «Էլ Կլասիկոներից» միայն երկուսում։
— Կիլիան Մբապեն խփել է իր 100-րդ գոլը «Ռեալի» կազմում։ 
— «Ռեալը» դարձել է առաջին թիմը, որը Լա Լիգայում հաղթել է «Բարսելոնային»  «Կամպ Նոուում»՝ կատալոնացիների՝ այդ մարզադաշտ վերադառնալուց հետո։
— «Էլ Կլասիկոյի» պատմության մեջ հաղթանակների քանակով «Ռեալն» առաջ է անցել «Բարսելոնայից»։ Այժմ առավելությունը «արքայական ակումբի» կողմն է՝ 107։106։ 
— «Բարսան» կարող էր դառնալ Լա Լիգայի պատմության առաջին թիմը, որը մեկնարկային տասը տուրերում տասը հաղթանակ կտաներ։ Բայց Մոուրինյոն դա թույլ չտվեց։

Читайте также